ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

«Հիբրիդային» դավադրություն Սուրբ Էջմիածնի դեմ

«Հիբրիդային» դավադրություն Սուրբ Էջմիածնի դեմ
21.08.2026 | 23:32

(Անկարայի պատվերից՝ մինչև կառավարության ծրագիր)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության և պետականության վերջին անառիկ ամրոցը։ Այսօր այդ միջնաբերդը փորձում են խարխլել ներսից՝ «բարենորոգման» և «հոգևոր անվտանգության» պատրվակով, կիրառելով հենց այն հիբրիդային գործիքակազմը, որի դեմ իբր պայքարում են։

Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրն այլևս կասկած չի թողնում․ Սուրբ Էջմիածնի դեմ արշավը պատահականություն կամ առանձին պաշտոնյաների հուզական հայտարարություն չէ, այլ համակարգված պետական քաղաքականություն։ Դրա արմատները ձգվում են դեպի աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ։

Այս արտաքին «պատվերի» և ՀՀ իշխանությունների քայլերի սինքրոն կապն ի հայտ էր եկել դեռևս հուլիսին՝ ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի աղմկահարույց բացահայտմամբ, որն օգոստոսի 20-ին արդեն ստացավ իր պաշտոնական ու գործնական ձևակերպումը։

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, վստահ լինելով, թե զրուցում է ՀՀ վարչապետի հետ, անթաքույց «անկեղծացել» էր Հայոց Վեհափառին հեռացնելու թեմայով՝ տալով ուղղորդող հարց․ «Կարո՞ղ եք փոխարինել Կաթողիկոսին»։ Սա արտաքին հետախուզական-դիվանագիտական «թեստ» էր, որի պատասխանն այսօր ստանում ենք պաշտոնական փաստաթղթով․ կառավարությունը հանձն է առնում «ապահովել փաստացի պետի հեռացումն ու տեղապահի ընտրությունը։

Օգոստոսի 20-ին գործադիրը հաստատեց առաջիկա «հնգամյա պլանը», որն իշխող քաղաքական ուժի նախընտրական թեզերի պաշտոնականացումն է պետական քաղաքականության մակարդակով։ Սա այլևս լոկ քաղաքական հայտարարություն կամ հռչակագիր չէ, այլ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պետություն-եկեղեցի անջատման սկզբունքի և երկրի ինքնիշխանության դեմ ուղղված պաշտոնական փաստաթուղթ։

Եթե Սինիրլիօղլուի հետ կուլիսային զրույցում Եկեղեցու ներքին գործերին միջամտելու պատրաստակամությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի ոտնձգություն էր, ապա ՀՀ կառավարության ընդունած ծրագիրը դարձավ դրա ուղիղ իրագործումը ներպետական հարթակում՝ արտաքին վտանգավոր մտադրությունը վերածելով պետական գործողությունների «ճանապարհային քարտեզի»։

Գործադիրն իր պաշտոնական ծրագրում անթաքույց սահմանում է Եկեղեցու վերահսկողության ու կազմաքանդման երեք կոնկրետ փուլ․

1․ Առաջնորդի հեռացում․ Ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը) և Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը»։

2․ Ներքին կանոնակարգում․ Ընդունել Եկեղեցու նոր կանոնադրություն՝ պետության թելադրած «բարեվարքության» և ֆինանսական վերահսկողության մեխանիզմներով։

3․ Վերջնական հանձնում․ Ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի «նոր» ընտրությունը։

Աշխարհիկ համարվող պետության պաշտոնական «հնգամյա պլանում» Եկեղեցու առաջնորդին հեռացնելու, տեղապահ նշանակելու և նոր ընտրություններ «ապահովելու» կետեր ներառելն աննախադեպ իրավական վայրագություն է։ Սա ոչ միայն պետության ու եկեղեցու անջատվածության սահմանադրական սկզբունքի կոպտագույն խախտում է, այլև Սուրբ Էջմիածնի դարավոր ինքնավարության բռնազավթման բացահայտ փորձ։

Սրանց «հիբրիդային» քողածածկույթը, սակայն, ի վիճակի չէ թաքցնելու արտաքին վեկտորի բացահայտ ազդեցությունն այս կեղտոտ ֆարսում։ Օգոստոսի 20-ին գործադիրի ղեկավարն ազդարարեց, թե Եկեղեցին Գարեգին Բ-ի ձեռամբ իբր «կանոնական ծիրից դուրս է բերվել»։

Քաղաքական սինքրոն փոխանցումով ԱԺ փոխնախագահի աթոռին բազմած Վահագն Ալեքսանյանն էլ, ակնարկելով Ռուսաստանը, Եկեղեցուն հարվածելը փորձեց հիմնավորել «արտաքին հիբրիդային պայքարի հենակետ» չդառնալու թեզով՝ որպես «փաստ» հղում անելով Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ ԱԱԾ-ի կասկածելի «հրապարակումներին»։

Սրանց սնամեջ, զուտ առևտրի վրա գոյատևող էությունը, սակայն, չի ընկալում սեփական քայլերի կատարյալ հակասությունն ու քաղաքական աբսուրդը:

Մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե իբր պաշտպանում է Եկեղեցին «արտաքին հիբրիդային ազդեցությունից»։ Մյուս կողմից՝ հենց նույն իշխանության գործողություններն ու հնգամյա ծրագրերը 100%-ով համընկնում են ԵԱՀԿ թուրք պաշտոնյա Սինիրլիօղլուի հետ զրույցում հնչած արտաքին հակահայկական ցանկություններին։

ՈՒստի առաջանում է գլխավոր հարցը․ ո՞վ է իրականում կանգնած Հայ Եկեղեցու դեմ ուղղված «հիբրիդային հարձակման» հետևում՝ արտաքին ուժե՞րը, թե՞ նրանց հակահայ օրակարգը պաշտոնական փաստաթուղթ դարձրած ՀՀ կառավարությունը։

Երբ միջազգային կառույցի բարձրաստիճան թուրք պաշտոնյան կուլիսներում քննարկում է Մայր Աթոռի Գահակալին փոխարինելու հարցը, ցանկացած ինքնիշխան պետության ԱԳՆ պետք է հանդես գար կոշտ բողոքի նոտայով և պահանջեր անհապաղ պարզաբանումներ։

Բայց Հայաստանի՝ ամեն ինչ առևտրի վերածող իշխանությունները պահպանում են մահացու լռություն։ Եվ այդ կեցվածքը պատահական չէ․ հուլիսյան պրանկը պարզապես ռենտգենի ենթարկեց նրանց իրական օրակարգը։ Նրանք չեն կարող դատապարտել Սինիրլիօղլուին, քանի որ օգոստոսի 20-ին ընդունած սեփական ծրագրով պաշտոնապես ապացուցեցին՝ իրենք ներսից անում են ճիշտ այն, ինչ պլանավորվում էր արտաքին կուլիսներում։

Այսօր արդեն, առանց վարանելու կարող ենք եզրակացնել․ գործ ունենք ներսից իրականացվող հակապետական դավադրության հետ, որի վերջնանպատակը հայկական ինքնության հենասյան կազմալուծումն է։

Սակայն իշխանական աթոռներին բազմած ժամանակավոր պաշտոնյաները մոռանում են անվերապահ մի ճշմարտություն․ Սուրբ Էջմիածինը վարչական շենք չէ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահը՝ հայեցողական պաշտոն։ Պետականությունը վաճառասեղանին դրած ռեժիմն ի զորու չէ հաղթելու հազարամյակների փորձությունն անցած Հոգևոր Հայրենիքին։

Պատմությունն արդեն ապացուցել է քրեստոմատիական այդ ճշմարտությունը, ինչն աներկբա կապացուցի նաև վաղը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ